Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Մեծ խաղը շարունակվելու է՝ առանց հայկական գործոնը հաշվի առնելու

Մեծ խաղը շարունակվելու է՝ առանց հայկական գործոնը հաշվի առնելու
18.04.2024 | 22:43


Դեռևս վաղ է համակողմանիորեն գնահատել ռուս խաղաղապահների ելքը Արցախից՝ տեղեկատվության սղության պատճառով: Վարկածները, հիփոթեզները շատ են:

Փորձենք հասկանալ խնդիրը մակրո-մակարդակում՝ աշխարհաքաղաքական տեսանկյունից

Կորցնելով Արցախը՝ մենք զրկվեցինք մեր ռազմավարական խորությունից: Արդյունքում Հայաստանի յուրաքանչյուր բնակավայր գտնվում է թշնամու հասանելիության տիրույթում:

Տավուշում իրականացվող «անկլավային քաղաքականությունն» ընդամենը ածանցյալ է: Հաշվի առնելով նաև այն փաստը, որ այսօր ադրբեջանական ԶՈՒ-ն փաստացի վերահսկում է մեր մի շարք ռազմավարական բարձունքները՝ Հայաստանը սկուտեղի վրա մատուցված է թշնամուն: «Տավուշյան սցենարի» իրականացումը պարզապես թույլ կտա նրան ոչ թե ռազմական ինտերվենցիայի, այլ հաղորդակցային համակարգի պարալիզացման ճանապարհով ստեղծել Հայաստանում խորքային ճգնաժամ՝ տնտեսականից մինչև հոգեբանական՝ քաղաքական ու տարածքային հետևանքներով:

Իր հերթին, դուրս բերելով խաղաղապահներին Արցախից, Մոսկվան չի կորցնում սեփական ռազմավարական խորությունը տարածաշրջանում: Տարիներ շարունակ մշակելով մեգատարածաշրջանային մի այնպիսի անվտանգային համակարգ, որը թույլ է տալիս վերահսկել նաև Հարավային Կովկասը՝ Մոսկվան այսօր կարող է ոչ միայն ֆիզիկապես դուրս գալ Արցախից, այլ նաև Հայաստանից դուրս բերել 102-րդ բազան՝ առանց իր համար որևէ ռիսկի:

Ի՞նչ մեգատարածաշրջանային համակարգի մասին է խոսքը:

Եթե համառոտ, ապա գործ ունենք անվտանգային մի եռանկյունու հետ, որն ընկալելու համար պետք է ընդամենը բացել քարտեզը: Խոսքը Ղրիմ-Սիրիա (Խմեյմիմ, Լաթաքիա)-Կասպից ծով եռանկյունու մասին է՝ համակարգ, որը Մոսկվան օգտագործում է Միջերկրական ծովի արևելյան հատվածում, ինչպես նաև Սևծովյան ու Կովկաս-Կասպյան տարածաշրջաններում իր աշխարհաքաղաքական դիրքերը պահպանելու համար:

Ղրիմը՝ «չխորտակվող ավիակիրը», Ռուսաստանի սուվերեն տարածքի մաս է: Խմեյմիմում ու Լաթաքիայում Մոսկվան ունի սեփական ռազմական բազաներ, այդ թվում՝ ավիաբազաներ: Կասպից ծովում Ռուսաստանը ամենամեծ ռազմական նավատորմ ունեցող երկիրն է: Ավելին՝ 2018 թ. ընդունված Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի համաձայն՝ արգելվում է ոչ կասպյան երկրների նավատորմի մուտքը Կասպից ծով: Սիրիական ճակատում մի շարք օպերացիաներ Մոսկվան իրականցնում էր հենց Կասպյան ավազանից:

Դժվար չէ պատկերացնել, որ Հարավային Կովկասը ևս գտնվում է այս եռանկյունու սահմաններում:

Հարց կարող է առաջանալ՝ ինչպե՞ս այսպիսի հեռավորություններից Մոսկվան կարող է ռազմական վերահսկողություն իրականացնել Հարավային Կովկասում:

Հաշվի առնելով, որ ռուսական հրթիռները (նույն «Կալիբր»-ը) կարող են հարվածել օբյեկտին մինչև 3000 կմ հեռավորությունից, այսպիսի հեռանկարը առավել քան իրատեսական է դառնում: Խոսքը, բնականաբար, այն մասին չէ, որ էսկալացիայի ցանակցած դրևորման դեպքում Մոսկվան գործի կդնի նշված համակարգը: Այն ձևավորված է մեծ ռեգիոնալ բախման համար ու դրան զուգահեռ՝ սեփական աշխարհաքաղաքական գոտին սահմանելու համար:

Այսպես է ավանդաբար գործում Ռուսաստանը պանռեգիոնալ մակարդակում:

Ուստի, խաղաղապահների ելքը Արցախից դեռևս չի նշանակում ''конец русского Закавказья'': Մեծ խաղը շատ ավելի մասշտաբային ու բարդ է դարձել: Ցավոք, այն շարունակելու է ընթանալ առանց հայկական գործոնը հաշվի առնելու:

Վահե Դավթյան

Ք.գ.դ., պրոֆեսոր

Դիտվել է՝ 3590

Մեկնաբանություններ